Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի մասին հարցին և խոսել նրա հնարավոր մասնակցության մասին քաղաքականությանը։
«Հայաստանը պռախադնոյ դվո՞ր է, եկել եք մեր ձևերով՝ հեսա էս ենք անելու։ Հարգելիներս, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում եք ձեզ պահում, Հայաստան գալուց մի հատ հավսար-զգաստ եղեք, արա՛։ Սա ձեզ համար բան չի, սա պետություն է: Ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններդ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Փաշինյանն ընդգծել է, որ «չաքուճը յուղած, պատրաստ դրած է իր աշխատանքային սեղանին»՝ այն պահի համար, երբ որևէ մեկը փորձի վտանգել Հայաստանի անկախությունն, ինքնիշխանությունն ու պետականությունը։ Նրա ձևակերպմամբ՝ պողպատե մանդատը արդեն գործում է և շարունակելու է գործել։
Վարչապետը նաև շեշտել է, որ չի պատկերացնում Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում, քանի որ նա չի կարող առաջադրվել պատգամավոր կամ վարչապետի թեկնածու։
«Ամեն մեկը գրապաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս են Հայաստանը փրկելու, խոպան է, ինչ է»,- հավելել է Փաշինյանը։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։






