Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում գոհունակություն է արտահայտել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ՝ հավելելով, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ։
Նա նշել է, որ չէր ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի, հայտնում է Արմենպրեսը։
«Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, որ երկու կողմերը նախապես իրար հետ քննարկել են, որոշել են, որ ինչ-որ մի տեղ հանդիպելու են և խոսելու են։ Տիրանայում մենք խոսել ենք, դա մամուլում ներկայացվում էր նեգատիվ լույսի ներքո, բայց ես եմ նախաձեռնել այդ խոսակցությունը։ Պարզվել է, որ կա հետաքրքրություն ավելի մանրամասն խոսելու, ես էլ ասել եմ՝ դե եկեք պայմանավորվենք, պայմանավորվել ենք, հանդիպել ենք»,-ներկայացրել է վարչապետը։
Անդրադառնալով հարցին, թե ո՞վ է որոշել, որ հենց Աբու Դաբիում անցկացվի հանդիպումը՝ վարչապետը նշել է, որ նախորդիվ և՛ հեռախոսազրույցի ընթացքում, և՛ հատուկ այդ հարցով ԱՄԷ նախագահի բանագնացի՝ Հայաստան ժամանման ժամանակ եղել է ԱՄԷ նախագահի ուղերձ այն մասին, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն ունենան հարթակի կարիք, ապա իրենք առանց միջնորդական դերի հավակնության ամեն ինչ կկազմակերպեն։
«Ես ուզում եմ ԱՄԷ նախագահին շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու, բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Աբու Դաբիում դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ։ Ի՞նչ արդյունքներ. ես դրա մասին հիմա խոսելը ճիշտ չեմ համարում։ Եթե լինեն դրական արդյունքներ, կտեսնեք։
Այնպես չի, որ հստակ բան ենք պայմանավորվել, եղել են գաղափարներ։ Պարզվել է, որ այդ գաղափարների մեջ կան մի քանիսը, որոնց կողմերը դրական են վերաբերում։ Հիմա կողմերը կարող է 5 օրից մտածեն, որ դրանք այնքան էլ դրական չեն, կամ մտածեն, որ ավելի դրական դառնա վերաբերմունքը։ Այնպես չէ, որ երկաթյա պայմանավորվածություն է եղել, որոշակի ըմբռնում է եղել։ Ես հույս ունեմ, որ մենք այս ֆորմատով կշարունակենք մեր խոսակցությունը Աբու Դաբիում կամ որևէ այլ տեղ»,-նշել է Փաշինյանը։
Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։






