AM
16 Հուլիս 2025 - 13:49 AMT

Փաշինյան․ Մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել ԵՄ երկրների դեսպանատներում հերթերի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասուլիսում, խոսելով ԵՄ հետ հարաբերությունների մասին, ասել է, որ եվրոպացի գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել ԵՄ երկրների դեսպանատներում հերթերի վրա։

«Մարդիկ ամիսներով սպասում են: Հերթը կարող է հասնել 6 ամիս հետո, 7 ամիս հետո, և դա մեծ պրոբլեմ է: Իհարկե, սա նաև կապված է այն հանգամանքի հետ, որ հոսքը շատացել է դեպի ԵՄ: Եթե չեմ սխալվում՝ 2019-ի համեմատ 2024-ին կամ 300, կամ 400 տոկոսով ուղևորությունների աճ է տեղի ունեցել Հայաստանից դեպի ԵՄ: Սա, իհարկե, կապված է ավիացիոն ոլորտի բացված հնարավորությունների հետ»,–նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ վիզաների ազատականացման գործընթացը բավականին հաջող է ընթանում, սակայն, հավելել է, որ դա աշխատատար պրոցես է։

Խոսելով ԵՄ–ին անդամակցելու հեռանկարների մասին՝ նա ասել է, որ նախ ԵՄ բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնվեն, և երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին:

«Բոլոր դեպքերում մենք բարեփոխումների հավակնոտ ծրագիր և ռազմավարություն ունենք: Այդ ռազմավարությունը մենք էսպես թե էնպես իրականացնելու ենք: Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրով և առաջիկայում կլինի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգը, մենք այդ ամեն ինչի սահմաններում մեր երկրի բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, որ օբյեկտիվորեն ՀՀ-ն բոլոր առումներով համապատասխանի եվրոպական ստանդարտներին: Այս կետում կա երկու տարբերակ. կամ Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ, կամ ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ: Եթե Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ՝ շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ, Հայաստանը այդ կետի վրա լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր: Երկու դեպքում էլ մենք այս ռազմավարությունը չշարունակելու որևէ պատճառ չունենք»,- ասել է նա։