AM
17 Հուլիս 2025 - 06:28 AMT

Սաղաթելյան․ Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նա փաստացի հաստատել է, որ «համաձայն է Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին»։

Նա նշել է, որ այս առաջարկի համատեքստում քննարկվող «ամերիկյան», «եվրոպական» ընկերությունների անուններն ընդամենը խայծ են՝ տպավորություն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխավոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն։

Նա մատնանշել է, որ այս ճնշումները զուտ ներհասարակական նպատակ չեն հետապնդել, այլ ծագել են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձևավորված նոր պայմանավորվածությունների հիման վրա։

Ըստ Սաղաթելյանի, այս բռնատիրական մեթոդների խորքում թաքնված է հերթական ազգային զիջումը, որն այս դեպքում վերաբերում է Սյունիքին՝ «Զանգեզուրի միջանցք» նախագծով։

«Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշվարկներ չեն, դրանք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված նոր համաձայնություններով։

Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ 《Զանգեզուրի միջանցքի》 տեսքով։

Այսօր Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին (մինչև հիմա հերքում էին)։

Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը լինելու են սահմանափակ։ Սա Էրդողանի նշած՝ «ավելի ճկուն մոտեցման» բովանդակությունն է։

Սա Մակրոնի և Արևմուտքի կողմից խրախուսված ավելի խիզախ քայլերի պտուղներն է։

Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձյալ ոչնչի դիմաց։

Սակայն, սա զուտ ներհայաստանյան հարց չէ, սա նաև աշխարհաքաղաքական խնդիր է։ Սա նոր փոթորկի սկիզբն է՝ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։

Հատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլև ՀՀ միջազգային գործընկերների՝ տարածաշրջանում կայունության և ինքնիշխանության պաշտպանման ուղենիշներին:

Նիկոլի ռեժիմը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով` ոչ թե կայունություն ու խաղաղություն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնությունների ու անկայանության նոր շղթայի՝ անկախատեսելի հետևանքներով։

Շատ հստակ է, որ այս առաջարկի համատեքստում քննարկվող «ամերիկյան», «եվրոպական» ընկերությունների անուններն ընդամենը խայծ են՝ տպավորություն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխավոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն»,–գրել է նա։

Սաղաթելյանը հավելել է, որ Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերհսկողության բոլոր բացասական հետևանքներն ուղիղ իրենց վրա։

«Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սյունիք միայն վատթարացնելու է այս վիճակը։

Ուզում եմ նաև հստակ ասել. անկախ մեր նակատմամբ իրակնացվող բռնաճնշումներից, բանտարկություններից, հեղինակազրկմանն ուղղված արշավներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ։ Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը։

Մենք անելու ենք մեզնից կախված ամենը՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրի խափանման համար»,–ասվում է գրառման մեջ։