AM
17 Հուլիս 2025 - 07:24 AMT

Աբրահամյան․ Փաթեթների հրապարակումը կբացահայտի բանակցությունների ձախողման հանգամանքները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ շեշտելով, որ մի շարք առանցքային հարցեր մնում են չպարզաբանված։

Նա հավելել է, որ բանակցային փաթեթների հրապարակումը կբացահայտի բանակցությունների ձախողման հանգամանքները։

«2019 թվականին` պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր:

Սկզբում իշխանությունն առհասարակ հերքում էր դրա գոյությունը, հետո համանախագահ երկրների հաստատումից հետո ստիպված եղան խոսել դրա մասին, սակայն ոչ թե բովանդակության, այլ ցրողականության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը մի քանի առիթով, արձագանքելով գործող կառավարչի` արցախյան հակամարտության բանակցությունների ակնհայտ խեղաթյուրումներին, հորդորել էր բանակցային ամբողջ փաթեթները հանրայնացնել, այդ թվում` 2019 թվականին ստացվածը, սակայն տարբեր պրիմիտիվ պատճառներով իշխանությունը հրաժարվում է:

Վերադառնալով առաջին պարբերության մտքիս, պետք է նշեմ, որ այդ փաթեթների հրապարակումը ոչ միայն հնարավորություն կտա վերջին 3 տասնամյակի բանակցային գործընթացի դինամիկան օբյեկտիվ գնահատելու, այլ առավել ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռազմական գործողություններ ծավալվեցին»,- գրել է Աբրահամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հերքել է պնդումները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իր պաշտոնավարման ընթացքում ստացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող առաջարկներ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես դրա մասին հրապարակային խոսել եմ։ Ես ստացել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մնացորդները։ Ազգային ժողովում ասել եմ, որ այն թուղթը, որը դուք համարում եք իմ ստացած առաջարկ, սկսվում է հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները…»։ Այդ փաստաթուղթը հասցեագրված էր ՀՀ նախագահին, իսկ ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել»,- ընդգծել է Փաշինյանը։