AM
17 Հուլիս 2025 - 08:28 AMT

ՀՀ–ն կհամագործակցի Հունաստանի հետ ապօրինի պեղումները կանխելու գործում

Հայաստանն ու Հունաստանը պայմանավորվել են համատեղ պայքարել ապօրինի պեղումների, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության փոխանցման դեմ։ Գործադիրը հավանություն է տվել երկու պետությունների միջև համաձայնագրին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գտնում է, որ «ՀՀ և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է երկու երկրների միջև այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար, ինչը կնպաստի նաև երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` ՅՈՒՆԵՍԿՕ–ի 1970 թ. կոնվենցիայի, միջազգային կոնվենցիաների և դրանց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն:

«Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում: