Կառավարությունն ընդունել է մոտ 3 մլրդ 408 մլն դրամի վերաբաշխման ծրագիր, որը միտված է իրականացնելու մոտ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման ու գույքային հագեցման նախաձեռնությունը։
Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հատկացվող միջոցները նախատեսված են նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի ավելացման, արհեստական բանականության ուսուցմամբ զբաղվող հաստատությունների նյութատեխնիկական հագեցման, ինչպես նաև ավագ դպրոցների վերակառուցման նպատակով, հայտնում է Արմենպրեսը։
Նախագծով մոտ 2 մլրդ դրամ կուղղվի դպրոցների ու կրթահամալիրների շինարարությանը՝ 1.3 մլրդ դրամ՝ դպրոցների, 700 մլն դրամ՝ կրթահամալիրների կառուցմանն ու ավարտական փուլում գտնվող շինաշխատանքների ավարտին։ Բացի այդ, 545 մլն դրամ կուղղվի վարկային փոխառության փոխարժեքային տատանումների ծառայությանը։
Այս միջոցներով իրականացվում է Երևանի, Արտաշատի, Աշտարակի և Վանաձորի չորս ավագ դպրոցների վերակառուցումը, դպրոցների լաբորատոր ներուժի ընդլայնումը և նոր նախակրթարանների հիմնումը։ 61 մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել 120.6 մլն դրամ, որոնց շինարարությունը կամ ավարտված է, կամ ավարտվում է ընթացիկ տարում։
Արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով հատկացվելու է 40 մլն դրամ, որի շնորհիվ լուծում կստանան մոտ 25 դպրոցում առաջացած հրատապ խնդիրներ, այդ թվում՝ հունիսին Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերում փոթորկի ու կարկուտի պատճառով վնասված շենքերի վերականգնումը։
Անդրեասյանը նշել է, որ նախագծով աջակցություն կցուցաբերվի նաև արհեստական բանականության դպրոցական ծրագրի ընդլայնմանը, որը 2023 թվականից իրականացնում է Գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը։ Նախորդ տարի ծրագրին մասնակցել են 15 դպրոց յոթ մարզից, իսկ 2024-2025 ուսումնական տարում նախատեսվում է դրա տարածում բոլոր մարզերում։
Նախագծով նախատեսվում է 42 դպրոց վերածել քննական կենտրոնների՝ ուսուցիչների ատեստավորման և այլ գործառույթների իրականացման համար՝ ապահովելով համապատասխան տեխնիկական վերազինում։ Նախարարի խոսքով՝ միջոցներն առայժմ կհատկացվեն չբաշխված տողերով, իսկ երրորդ եռամսյակում կիրականացվի շինարարական ծրագրերի արդյունքների գնահատում՝ առավել նպատակային հատկացումներ իրականացնելու համար։
Կառավարության նախկին որոշումներում ամրագրված դրույթները, նախարարի համոզմամբ, թույլ են տալիս առավել ճկուն և օպերատիվ կառավարում իրականացնել։
«Սա մեզ թույլ կտա ընթացիկ կառավարման ավելի մեծ ճկունություն ունենալ՝ ապահովելով շինարարության սպասարկման արդյունավետություն», – ասել է Ժաննա Անդրեասյանը։






