AM
17 Հուլիս 2025 - 12:33 AMT

Նախարար․ 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երրորդ աշակերտ որոշել է շարունակել ուսումը քոլեջում

Կառավարության հուլիսի 17-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ արհեստագործական ծրագրերի անվճար ուսուցման ընդունելության տեղեր կտրամադրվեն 41 մասնագիտությամբ 58 ուսումնական հաստատությունում՝ ուսման ամբողջական փոխհատուցմամբ՝ նպաստի ձևով։ Իսկ միջին մասնագիտական կրթական ուղղությամբ անվճար ընդունելություն կկազմակերպվի 116 մասնագիտությամբ 74 հաստատությունում։

Նախարարի խոսքով՝ սա երրորդ տարին է, ինչ արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում գործում է առնվազն 50 հազար դրամ ամսական կրթաթոշակի տրամադրման ծրագիրը, հայտնում է 1lurer.am-ը։

Անդրեասյանն ընդգծել է, որ անցած տարում ՄԿՈՒ համակարգում գրանցվել է ավելի քան 15 հազար նոր ուսանող, ինչի արդյունքում համակարգի ընդհանուր ուսանողների թիվը հասել է 45 հազարի։ Ընդունելության ցուցանիշների աճն առավելապես նկատվել է գերակա ուղղություններով։

«2023-2024 ուստարվանից որդեգրվել են քաղաքականության որոշակի համամասնություններ, որոնց միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվում է 6064 տեղ՝ պետության փոխհատուցմամբ, իսկ արհեստագործական ծրագրերով՝ 3312 տեղ», – նշել է Անդրեասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ կրթաթոշակի գործիքը համակարգում բերել է տասնյակ հազարավոր նոր ուսանողների։

«Պիտի ուրախությամբ արձանագրենք, որ մեր սիրելի շրջանավարտները, ըստ էության, մեր որոշումներին արձագանքել են, և, փաստորեն, թոշակի, կրթաթոշակի որոշումն առնվազն տասնյակ հազարից ավելի նոր ուսանող է բերել համակարգ, և հիմա մենք այդ թոշակները շարունակում ենք վճարել:

Առաջին տարում գերակա ուղղություններում մենք առանց պայմանի ենք այդ թոշակը տալիս, ամիսը՝ 50 հազար, իսկ հետագայում արդեն՝ կախված կրթության առաջադիմությունից», – ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ պետք է զգոն լինել, որպեսզի գնահատականների ստացման գործընթացում չվերադառնան անցանկալի ավանդույթներ, որոնք կարող են խաթարել որդեգրած ռազմավարությունները։

Անդրեասյանը նաև ներկայացրել է ՄԿՈՒ համակարգի դիմողների վիճակագրությունը՝ նշելով, որ նախորդ տարվա տվյալներով 9-րդ դասարանը ավարտած յուրաքանչյուր երրորդ աշակերտ որոշել է շարունակել ուսումը քոլեջում, ինչը, նախարարի խոսքով, դրական ցուցանիշ է։

Նա նշել է, որ մասնագիտությունների ցանկում առավել մեծ հետաքրքրություն կա տնտեսության պահանջարկ ունեցող ուղղությունների նկատմամբ։ Խոհարարական մասնագիտությամբ նախորդ տարի դիմել է ավելի քան 770 մարդ, ինչը ցույց է տալիս ոլորտի զարգացումը և համապատասխան կադրերի կարիքը։ Նման միտում նկատվել է նաև զբոսաշրջության ոլորտում՝ ավելի քան 400 դիմորդով։

Նախարարի խոսքով՝ ՏՏ ոլորտի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման ու նորոգման մասնագիտությունները նույնպես մեծ պահանջարկ ունեն, և ներդրվել է նույնիսկ էլեկտրամոբիլների սպասարկման ուսուցում։

«Հատկապես արհեստագործական ծրագրերով մենք ունենք մասնագիտությունների ամբողջ շարք, որոնք ուղղակիորեն կապված են տնտեսության հետ, և այս աշխատանքը չի կարող նաև իր հաջորդական ազդեցությունը չթողնել մեր երկրի տնտեսության զարգացման վրա», – նշել է Ժաննա Անդրեասյանը։