Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդել է որ նախնական տվյալներով՝ ավտոցիստերնից մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել։
Հուլիսի 16-ի երեկոյան Կապան-Քաջարան ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բեռնատար մեքենայի կցորդը անջատվել է և մասամբ ընկել Ողջի գետը, ինչի արդյունքում արձանագրվել է մազութի արտահոսք։
Արտահոսած մազութի մաքրման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, և այդ աշխատանքների ավարտից հետո կկատարվի կրկնակի նմուշառում՝ պատկերը հստակեցնելու նպատակով։
«Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։ Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ»,– նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի մասնագետներն անմիջապես այցելել էին դեպքի վայր՝ ջրի և հողի նմուշառումներ իրականացնելու նպատակով։






