AM
17 Հուլիս 2025 - 13:08 AMT

Նարեկ Կարապետյան. Եկեք նայենք, թե իրականում ով է Հայաստանը վերածում գուբերնիայի

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն,տեսաուղերձով դիմելով հանրությանը, խոսել է այն մասին, թե ինչ ֆեյքեր է իշխանությունն օգտագործելու նոր ստեղծվող քաղաքական ուժի դեմ և թե իրականում ով է Հայաստանը վերածում գուբերնիայի։

Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր գաղափարական ուժի ձևավորման մասին։

«Առաջինը, որ փորձելու են հակադրվել մեզ, ռուսական ֆեյքն է։ Քանի որ Սամվել Կարապետյանն աշխատել է Ռուսաստանում, օգտագործվելու է հակառուսական թեզը, որ Ռուսաստանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որ ռուսականություն տարածի։ Հիմնականում ով մտահոգված է Ռուսաստանի ազդեցությունից, մտահոգված է, որ Հայաստանի ինքնիշխանության հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ: Ամենածայրահեղականներն էլ ասում են՝ Հայաստանը կվերածվի գուբերնիայի:

Եկեք նայենք, թե իրականում ով է Հայաստանը վերածում գուբերնիայի: 2018 թվականին Ռուսաստանի դերը Հայաստանի առեւտրային շրջանառությունում եղել է ընդամենը 27 %: Այսօր Ռուսաստանի դերը Հայաստանի առևտրային շրջանառությունում հասել է 45 %-ի: Եվս 15 % 2024 թվականի տվյալներով Ռուսաստանից եկող և Արաբական Միացյալ Էմիրություններ գնացող ոսկու, թանկարժեք քարերի և մետաղների արտահանումն է: Հետևաբար, Հայաստանը սրանով ևս կապված է Ռուսաստանի հետ: Այսինքն, մեր ինքնիշխան տնտեսական քաղաքականության վերջին յոթ տարիների ընթացքում ռուսական դերը Հայաստանի առևտրային շրջանառության մեջ 27 %-ից հասել է 60 %-ի:

Կարող ենք ասել, որ դա հիմնական աճի լոկոմոտիվն էր, բայց նաև շատ մտահոգիչ է ոչ թե ռուսական հետքը, այլ ուրիշ բան, որ երկիրը չունի այլ տնտեսական գործընկեր, ում հետ նա զարգացնում է իր տնտեսական հարաբերությունները»,–ասել է նա։

Նարեկ Կարապետյանը հավելել է, որ չեն գտել գեթ մեկ երկիր, որի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնեն ոչ թե դեկլարատիվ՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելով, այլ թիմերով, նախարարություններով, խմբերով աշխատելով առևտուրը զարգացնեն:

«Մեր գործընկերները շատ լավն են, նրանց հետ կարելի է միշտ աշխատել, բայց տնտեսության դիվերսիֆիկացիան շատ կարևւոր է, քանի որ գիտենք՝ երբեմն Լարսի խնդիր է լինում, տարածաշրջանային կոնֆլիկտներ են լինում: Եվ Հայաստանը պետք է ունենա նաև ուրիշ տնտեսական գործընկեր: Բայց այդտեղ մենք պետք է մուտք գործենք ոչ թե քաղաքական օրակարգով, այլ տնտեսական կոնկրետ օրակարգով, առանց հակադրությունների, միայն իրար հետ աշխատելու, իրար հետ բիզնես անելու տրամաբանությամբ:

Յոթ տարվա ընթացքում այն ֆեյք տպավորությունը, որ մեր հասարակությանը հրամցրել են, թե մենք գնում ենք ինքնիշխանության, ռուսական ազդեցությունից անկախության, չի արվել: Հակառակը, ռուսական դերը Հայաստանի տնտեսության մեջ ավելացել է»,-արձանագրել է Կարապետյանը:

Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։