AM
17 Հուլիս 2025 - 13:28 AMT

Վթարային շենքի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան․ Քաղաքապետարանից խոստացել են այցելել

Վարդաշենի՝ փլուզման վտանգի առաջ կանգնած հանրակացարանի բնակիչներն ահազանգել են, որ ամեն օր շենքը կարող է փլուզվել։ Նրանք նախ փողոց էին փակել, ապա կառավարության շենքի մուտքերը։

Նիստից հետո գործադիրի անդամներից որևէ մեկը չարձագանքեց նրանց խնդրին։ Փոխարենը կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել, հայտնում է Panorama.am-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցներին ասել են, որ կառավարությունում այսօր քննարկում են իրենց խնդիրը՝ հասկանալու, թե ինչպես են վարվելու, տարհանելո՞ւ են, թե՞ այլ բան։

«Հարցը հրատապ պետք է լուծվի։ Հրատապ։ Լավ, էսօր մեզ ճանապարհեցին, գնացինք, բայց խնդիրը չլուծվեց։ Գարշահոտի մեջ երեխեք են մեծանում։ Ես չեմ ցանկանա, որ իրենցից մեկի երեխան այդտեղ ապրի, բայց մարդիկ ամիսներով, տարիներով ապրում են։ Մենք ցանկանում ենք, մինչև շենք հասնելը իրենք գան ու խնդիրը լուծեն»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներն ասել են, որ թաղապետարանից են զանգահարել, ասել են՝ կգան շենք, տեսնելու ինչ վիճակ է։

«Եթե ոչինչ չփոխվեց, ապա մենք երկուշաբթի կրկին գալու ենք այստեղ»,-ասել են նրանք ու հեռացել։