Մի քանի օր առաջ կալանավորված երեք անչափահասների մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխվել է վարչական հսկողության ու բացակայության արգելքի խափանման միջոցներով:
Մեղադրող դատախազը չի առարկել Լիանա Հարությունյանի խափանման միջոցի փոփոխությանը՝ հայտարարելով, թե հաշվի են առնում երեխայի լավագույն շահը, հայտնում է «Ազատությունը»։
Դատավոր Արշակ Մաթևոսյանը հայտարարել է, թե որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ Հարությունյանն իր խնամքին երեք անչափահաս երեխա ունի: Ըստ դատավորի՝ որոշման վրա էական ազդեցություն է ունեցել նաև այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Դատավորը նաև որոշել է վարույթից հեռացնել Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանին՝ հարգելի չհամարելով նիստից նրա բացակայությունը: Մաթևոսյանը բացատրել է, թե պաշտպանը նախորդ նիստին արդեն իսկ ծանուցվել էր նիստի մասին: Փոստանջյանի նկատմամբ ավելի վաղ դատարանը 6 սանկցիա էր կիրառել՝ 2 իրավունքի սահմանափակում, 3 նկատողություն և 1 տուգանք:
Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ Կնոջ կալանքը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել: Նրա փաստաբան Փոստանջյանը դիմել էր ՄԻԵԴ։






