AM
17 Հուլիս 2025 - 13:59 AMT

ՄԻՊ–ը` Կարապետյանի կալանքի մասին. Չես կարող չունենալ մտահոգություններ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը մտահոգություններ ունի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողները հետաքրքրվել են` արդյոք նրան չի մտահոգում, որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին միայն «մեր ձևով կլուծենք» ձևակերպման համար, գրում է Sputnik Արմենիան։

«Բազմիցս իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ եթե առնվազն ես այս հարցերի շրջանակում մտահոգություն չունենայի, չէի իրականացնի պրոցեսներ, որոնք իրականացնում եմ հիմա։ Այսօր մենք ընթացիկ ուսումնասիրություններ, վերլուծություններ ենք իրականացնում և, բնականաբար, հարցերին անդրադառնում ենք»,–ասել է նա։

Դիտարկմանը, որ մինչ իրավապաշտպան կառույցը մտահոգվում է, մարդիկ շարունակում են կալանքի տակ մնալ, Մանասյանն արձագանքեց, թե ՄԻՊ-ը չի կարող պետությանն ասել՝ իրավական գործընթացներ չիրականացնես։

«Պարզ ասեմ՝ մենք էս բոլոր հարցերի հետ կապված պետք է կարողանանք վերջնական եզրահանգում ձևավորել։ Այն հարցերի հետ կապված, որոնց հետ կապված ունենում ենք եզրահանգում, պարբերաբար խոսում ենք, բայց գաղափարն այն է, որ, այո՛, չես կարող նման դեպքերում չունենալ մտահոգություններ»։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Կարապետյանի պաշտպանները պնդել են, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքները անհիմն են, իսկ կալանքը՝ անօրինական։

Հուլիսի 4-ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով նոր քաղաքական ուժ ստեղծելու իր մտադրության մասին։