AM
17 Հուլիս 2025 - 14:14 AMT

Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ քաղաքական հետապնդման առնչությամբ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Մանուկյանը նշել է, որ արդեն մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ իրավապահ մարմիններn առգրավել են իր անձնական բջջային հեռախոսը, որտեղ, ըստ նրա, առկա է եղել ինչպես անձնական, այնպես էլ՝ պատգամավորական գործունեությանը վերաբերող տեղեկություն։

Նա ասել է, որ իր դիրքորոշումն արտահայտել է իրավական մեխանիզմների միջոցով, սակայն միևնույն ժամանակ շեշտել է, որ չի վստահում դատախազին, որը, իր ձևակերպմամբ, «կատարում է բազմաթիվ քաղաքական պատվերներ», հայտնում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ, խուզարկությունը տեղի է ունեցել այն հասցեում, որը դատարանը ճանաչել է որպես իր որդու փաստացի բնակության վայր։ Մանուկյանը ընդգծել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները որևէ իրավունք չեն ունեցել առգրավելու իր հեռախոսը, սակայն փորձել են անել դա։ Պատգամավորը հրաժարվել է այն տրամադրել, այդ մասին, ըստ իր խոսքով, տեղյակ է եղել նաև ՄԻՊ գրասենյակը։ Սակայն, Մանուկյանի պնդմամբ, իրավապահները առանձին տարածք են հրավիրել իրեն, և, ուժ կիրառելով, խլել են հեռախոսը՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք։

Նա հավելել է. «Ասացին՝ շուտով կվերադարձնեն, բայց անցել է մեկ շաբաթ, և Քննչական կոմիտեի Երևանի վարչության որևէ ներկայացուցիչ չի պատասխանում զանգերիս։ Հեռախոսս մինչև այսօր մնում է բռնագրավված»։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ տեղեկություն ունի՝ փորձ է արվել կոտրել հեռախոսի անվտանգային համակարգը։ Նրա խոսքով՝ հեռախոս արտադրող ընկերությունը, արձագանքելով իրեն և մի քանի իրավապաշտպանների ահազանգերին, սարքը արգելափակել է։

Մանուկյանը հավելել է. «Ակնկալիքներ Գլխավոր դատախազությունից գրեթե չունեմ։ Երբ իշխանական պատգամավորները ԱԺ դահլիճում բռնության էին դիմում, ոչ մի իրավական հետևանք չեղավ։ Հիմա ևս դժվար թե այն տրվի՝ հաշվի առնելով քաղաքական պատվերների քանակը»։

Նա նաև տեղեկացրել է, որ հեռախոսը առգրավվել է ոչ միայն իրենից, այլև որդուց՝ Տարոն Մանուկյանից։ Չնայած նրան վերաբերող որևէ մեղադրանք չի առաջադրվել, իսկ խուզարկության ընթացքում որևէ ապացույց չի հայտնաբերվել, հեռախոսը չի վերադարձվել։ Մանուկյանը նշել է, որ Տարոն Մանուկյանը պահվել է 72 ժամ՝ առանց որևէ իրավական հիմքի, և հետագայում ազատ է արձակվել՝ առանց մեղադրանք առաջադրելու։

Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ Մի քանի օրից նրանց մեծ մասին ազատ են արձակել։