AM
18 Հուլիս 2025 - 07:43 AMT

Մարուքյան․ Իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, բայց գործնականում արդեն շեղվել են

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ հուսով է՝ եվրոպացի պաշտոնյաները ժողովրդավարության վերաբերյալ զրույց ունեցել են ՀՀ վարչապետի հետ։

Ըստ նրա իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, սակայն «գործնականում արդեն իսկ շեղվել են»։

«Ես հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ զրույց ունեցել են ՀՀ վարչապետի հետ։ Շատ կարևոր է, որ ԵՄ-ի առջև ստանձնած մեր պարտավորությունների շրջանակներում այդ հարցերը բարձրացվեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող շեղվել ժողովրդավարական ուղուց։ Դրա մասին խոսում են նաև իշխանությունները, բայց գործնականում արդեն իսկ շեղվել է։

Մենք այս հարցերը բարձրաձայնում ենք, որպեսզի որևէ մեկը այստեղից չկարողանա թոզ փչել մեր գործընկերների աչքերին, թե իբր Հայաստանը սուպերժողովրդավարական երկիր է, սակայն ներսում ոտնահարվեն մարդու իրավունքները և խախտվեն իրավական պետության հիմնարար սկզբունքները։

ՀՀ կառավարությունը իր միջազգային գործընկերներին ներկայացնում է իրավիճակը այնպես, իբր իրենք հավատարիմ են ժողովրդավարության սկզբունքներին և իրականացնում են բարեփոխումներ»,–ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ տվյալ պարագայում քաղաքացիական ինստիտուտները և ընդդիմության ներկայացուցիչները պետք է օբյեկտիվ ներկայացնեն երկրում տեղի ունեցող գործընթացները։

«Ես իմ նամակով, ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, հենց դա եմ արել»,–գրել է նա։

Մարուքյանը նամակով դիմել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ խնդրելով իր վեր հանած հարցերը բարձրացնել Փաշինյանի հետ հանդիպմանը։

Մարուքյանը նել է, որ հարցազրույց տալու համար ապօրինի կալանավորված է բարերար Սամվել Կարապետյանը, որ նույն կալանավայրում է գտնվում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կրկին հարցազրույց տալու համար, որ իշխանական պատգամավորները արդեն սպառնում են փակել Հայաստանում գործող կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ–ն։