ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապաշրջափակման գործընթացի բուն նպատակը ՌԴ-ի դուրսմղումն է տարածաշրջանից և որ Մեղրիով անցնող ճանապարհի տարբերակը նաև հակաիրանյան ուղղվածություն ունի։
«Երբ միջանցքային տրամաբանության հարցը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, 3-4 ուղիներ էին քննարկվում:
Մեղրիով անցնող տաբերակը նաև հակաիրանյան ուղղվածություն ունի, որի շահագրգիռ կողմերն առաջին հերթին Իսրայելն ու ԱՄՆ-ն են:
Մյուս կողմից, գեոպոլիտիկ առումով, ռեգիոնալ ապաշրջափակման այս քննարկումների հիմքում ՌԴ-ն ռեգիոնից դուրս մղելն է, որի շրջանակում Արևմուտք-ՌԴ կոշտ դիմակայությունը նաև ՀՀ-ում է դրսևորում ստանում:
Իշխանությունը փորձում է թեմայի էությունը խեղաթյուրել` ներկայացնելով, որ իշխանության նախաձեռնության ընդդիմախոսների խնդիրն այն է, որ միջանցքը ոչ թե ՌԴ-ն, այլ, օրինակ, ԱՄՆ-ն է վերահսկելու:
Անկախ մոտեցումներից, խնդիրը ոչ թե տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրության, այլ ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության մասին է:
Իսկ ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է»,–գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանը, այդ ուղիների՝ այլ կազմակերպությանն արտապատվիրակելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տվյալ հարցի շրջանակում քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք կարող են հնարավորինս պարզեցնել անցումն այդ ուղիներով, սակայն այժմ չկա որևէ հստակ պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ։ Փաշինյանի խոսքով՝ հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից կարելի է գոհ լինել, մի մասից՝ ոչ։






