Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը վնաս չի հասցնում Երևանի և Թեհրանի հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչպես է ԻԻՀ-ն ընկալում Երևանի կողմից իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու փորձերը, գրում է Sputnik Արմենիան։
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանում վստահում են հայ բարեկամներին։ Նա կարծում է, որ Հայաստանի կառավարությունը բավական նրբորեն է վերաբերվում Իրանի հետ համագործակցությանը։
Թեհրանը շահագրգռված է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանբ, հարևանների հետ Երևանի խաղաղ գոյակցությամբ:
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։






