AM
18 Հուլիս 2025 - 09:10 AMT

ԱՆ․ Ինչպես պահպանել առողջությունը շոգ եղանակին

Շոգ եղանակին կարող է վատթարանալ սրտանոթային և նյութափոխանակային հիվանդություններով տառապող անձանց վիճակը։ Մասնագետներն առաջարկում են գործնական խորհուրդներ՝ ռիսկերը նվազեցնելու համար։

Տապը լուրջ վտանգ է ներկայացրել սրտանոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող անձանց համար։ բարձր ջերմաստիճանը հանգեցնում է սրտի և անոթների ավելցուկային ծանրաբեռնվածության, ուժեղացնում է ջրազրկումը, ինչպես նաև կարող է բարձրացնել կամ նվազեցնել զարկերակային ճնշումը, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Սա հատկապես վտանգավոր է համարվում հիպերտոնիայի, սրտի աշխատանքի խանգարումների և շաքարային դիաբետի դեպքում։

Եթե առկա են սրտանոթային հիվանդություններ՝

  • Օրը հարկավոր է ընդունել 1,5–2 լիտր ջուր՝ նույնիսկ ծարավ չզգալու դեպքում:
  • 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամերին անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ազդեցությունից:
  • Կարևոր է կրել բաց երանգների, թեթև և օդաթափանց հագուստ ու գլխարկ:
  • Օրվա ընթացքում հարկավոր է մեկ-երկու անգամ ստուգել զարկերակային ճնշումը:
  • Պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ տապի պայմաններում դեղամիջոցների կամ դրանց չափաբաժնի հնարավոր փոփոխության վերաբերյալ:
  • Թուլություն, կրծքավանդակի ցավ կամ գլխապտույտ զգալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության:

Եթե ունեք շաքարային դիաբետ՝

  • Անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել արյան գլյուկոզի մակարդակը:
  • Ինսուլինն ու գլյուկոմետրը պետք է պահպանվեն պատշաճ պայմաններում:
  • Տապին նպատակահարմար է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը:
  • Վատ ինքնազգացողության դեպքում հարկավոր է ստուգել գլյուկոզի քանակը արյան մեջ և կապ հաստատել բժշկի հետ:

Ընդհանուր օգտակար խորհուրդներ՝

  • Խորհուրդ է տրվում օգտագործել օդորակիչներ կամ օդափոխիչ սարքեր:
  • Սննդակարգում նպատակահարմար է ներառել թարմ մրգեր և բանջարեղեն:
  • Ճարպոտ, աղի և ապխտած մթերքների օգտագործումը պետք է սահմանափակել:
  • Ապահովել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը՝ խմելով մաքուր ջուր և խուսափելով քաղցր ու գազավորված ըմպելիքներից:

Զբոսանքների ժամանակը ցանկալի է պլանավորել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին: