AM
18 Հուլիս 2025 - 09:23 AMT

ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հուլիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև դիտարկվել է գործընկերության ընդլայնման հնարավորությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ոլորտում կապերի խորացման հեռանկարներին։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերահսկել Իրանի սահմանին մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև բանակցություններին։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: