Հուլիսի 17-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ։
Քննարկվել են Հայաստան–ICMP համագործակցության խորացման հնարավոր ուղիները՝ մասնավորապես Հայաստանում համապատասխան լաբորատոր բազայի տեխնիկական արդիականացման և կարողությունների բարձրացման ուղղությամբ։
Տարածաշրջանային վերջին իրադարձությունների կապակցությամբ, փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրումը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






