«Տաշիր» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է վարչական հայց ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։
Հիմնադրամը դատարանից խնդրել է անօրինական ճանաչել «Դալմա Գարդեն Մոլում» գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառների ապամոնտաժման գործընթացը, հայտնում է Panorama.am-ը։
«01.07.2025թ. Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում տեղակայված և սեփականության իրավունքով «Դալմա Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 հատ պաստառների ապամոնտաժման, մասնավորապես, պաստառները տեղադրման վայրից հանելու /պոկելու/, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքները վերացնելու պ/մ»,-ասված է հիմնադրամի պահանջում։
Դատական համակարգը գործն ընդունել է վարույթ հուլիսի 17-ին։ Նույն օրը այն մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։
Հուլիսի 1-ին քաղաքապետարանի որոշման հիման վրա աշխատակիցները հեռացրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները, որոնք տեղադրված են եղել Դալմա Գարդեն Մոլի արտաքին և ներքին հատվածներում։
Ավելի վաղ՝ Հյուսիսային պողոտայում ապամոնտաժվել է լուսատու էկրան՝ հայտնի գործարարի լուսանկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ։ Նմանատիպ պաստառներ հանվել են նաև «Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի ճակատային մասից։






