AM
18 Հուլիս 2025 - 11:00 AMT

Ավինյան․ Կարևոր համարեցինք, որ Ազնավուրի անունը կրող միջավայրում լինի իր արձանը

Երևանի Ազնավուրի hրապարակում բացվել է մեծն շանսոնիեի արձանը: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, այն ձուլվել է Գյումրիում: Արձանի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում ընդգծել է, որ Շառլ Ազնավուրի արձանի տեղադրման նախաձեռնությունը, որը իրագործվել է քաղաքապետարանի կողմից, հատուկ նշանակություն ունի, հայտնում է Radar Armenia-ն։

«Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որ կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ արձանը խորհրդանշական է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը պահելու տեսանկյունից, այլև՝ որպես հայ ժողովրդի դերը միջազգային մշակույթի ձևավորման մեջ ընդգծող խորհրդանիշ։

«Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մենք բացում ենք արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլև հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակույթների մեջ։ Շառլ Ազնավուրը՝ ծնված Փարիզում, հայ փախստականների ընտանիքում, համաշխարհային երգարվեստի ամենահայտնի անուններից մեկն է․ 1000-ից ավելի երգեր, ֆիլմեր, անուններ ավելի քան 90 երկրներում։ Նա այն մարդն էր, ում այստեղ ճանաչում էին առանց թարգմանության և առանց բացատրությունների, և նա շարունակում է մնալ այդ մարդը, ում ճանաչում են, և իր արվեստը ճանաչում են առանց հավելյալ բացատրությունների։

20-րդ դարի ընթացքում Ազնավուրը համարվեց Ֆրանսիայի ամենանշանակալի մշակութային դեմքերից մեկը, մարդ, ով մարմնավորում էր սերնդի արժեքները, մշակույթը, Եղեռնից փրկվածների հիշողությունը, արվեստի մարդկային լեզուն։ Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որ կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում։ Մեր ժողովրդի, մեր երկրի համար կարևոր է Ազնավուրը, երբեք չի դադարի լինել Հայաստանի կողքին՝ անկախ ժամանակներից և համոզմունքներից», – ասել է Ավինյանը։

Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով հանդիսանում է նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը, Երևանի Ազնավուրի հրապարակում կայացած արձանի բացման արարողության ժամանակ պատմել է հոր՝ Հայաստանի հանդեպ ունեցած խոր կապվածության մասին։

«Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով: Դա ոչ միայն արտացոլվում էր իր բառերում, այլև արտահայտվում էր իր գործունեությամբ: Նա կրել է Հայաստանը իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, նա հավատում էր այս երկրի մշակույթին, նա հավատում էր այս երկրի ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանենք և հաստատվենք, ապրենք այստեղ, որպեսզի կարողանանք շարունակել իր ներգրավվածությունը, իր պարտավորությունը, որպեսզի կարողանանք ապրեցնել և իրականություն դարձնել իր իդեալները:

Այս արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ամբողջ աշխարհում սիրել են Ազնավուրին և շարունակում են սիրել նրան»,- ասել է Ազնավուրի որդին։

Նիկոլա Ազնավուրը հիշեցրել է, որ երբ հայրը այցելել է Երևան, հաճախ նախընտրել է մնալ այն հյուրանոցում, որը գտնվում է հենց այս հրապարակին կից։ Նա սիրել է կանգնել պատշգամբում և դիտել հրապարակը՝ հագեցած պատմությամբ ու կենսունակությամբ։

«Շատ հուզիչ է իմանալ այն փաստը, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում»,-ասել է նա։

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել և ամբողջությամբ ֆինանսավորել է արձանի տեղադրման աշխատանքները։