Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանը, այդ ուղիների՝ այլ կազմակերպությանն արտապատվիրակելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տվյալ հարցի շրջանակում քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք կարող են հնարավորինս պարզեցնել անցումն այդ ուղիներով, սակայն այժմ չկա որևէ հստակ պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ։ Փաշինյանի խոսքով՝ հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից կարելի է գոհ լինել, մի մասից՝ ոչ։






