ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը։
«Սրբապիղծ, չհայ չտղամարդու ցուցումով հորս կալանավորեցին երկու ամսով։ Ձեր տեսակը միշտ վախենալու է իսկական հայ տղամարդուց։ Պատասխան եք տալու։ Իշխանությունը հավերժ չէ։ Վերջում միշտ հաղթում է տեսակը, իսկ մնացածը՝ ժամանակավոր է»,-գրել է որդին։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը պարզաբանել է, որ Հակոբյանին կասկածում են՝ հանրային հարթակներում իշխանության զավթմանն ուղղված կոչեր հնչեցնելու համար, հայտնում է Արմենպրեսը։
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,- ասել է նա։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործին ու առաջադրված մեղադրանքին։
«Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է։
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շաբաթներ առաջ հնչեցրած քաղաքական գնահատականների համար, որոնք վերաբերել են ոչ թե ապագային, այլ անցյալին։ Այս պայմաններում առողջ տրամաբանության ներքո անհնար է խոսել «կոչ» երևույթի մասին՝ ո՛չ լեզվաբանորեն, ո՛չ իրավաբանորեն։
Քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք անընդհատ ընդարձակելով՝ իշխանությունները փորձում են ստանալ «մեկ դարպասով խաղ», երբ իշխանականներին ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է շինծու մեղադրանքով կալանավորվել»,–ասվում է հայտարարության մեջ։






