Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ճեպազրույցում ասել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ ըստ որի՝ ցանկացած ապաշրջափակման գործընթաց պետք է ընթանա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակում։
Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հնարավոր է, որ Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը փոխանցվի այլ երկրի կամ ԱՄՆ-ին, դեսպանն արձագանքել է, որ Հայաստանի իշխանությունները հստակ ընդգծել են՝ ապաշրջափակումը կիրականացվի ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո, հայտնում է Արմենպրեսը։
«Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Բացի դրանից՝ ուրիշ բան չեմ լսել։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրություններ են, որոնց հիման վրա պաշտոնական դիրքորոշում հայտնել չենք կարող»,- ընդգծել է Սոբհանին։
Այն հարցին, թե արդյո՞ք Իրանը անհանգստություն ունի այն դեպքում, եթե տարածաշրջան ներգրավվեն երրորդ կողմեր, դեսպանը պատասխանել է.
«Ոչ, դա նույնպես լրատվամիջոցների ենթադրություն է։ Վարչապետի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ առաջարկներ եղել են։ Բայց ենթադրությունների հիման վրա դիրքորոշում ներկայացնել ճիշտ չէ։ Այն, ինչ մենք գիտենք և ինչի մասին ասել են ՀՀ պաշտոնյաները, այն է, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանը, այդ ուղիների՝ այլ կազմակերպությանն արտապատվիրակելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տվյալ հարցի շրջանակում քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք կարող են հնարավորինս պարզեցնել անցումն այդ ուղիներով, սակայն այժմ չկա որևէ հստակ պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ։ Փաշինյանի խոսքով՝ հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից կարելի է գոհ լինել, մի մասից՝ ոչ։






