Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե, հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
«Նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացն ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։ Պարոն Իսկանդարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որը ոչ միայն ներկա էր հանրահավաքին, այլև իր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն է շարունակաբար ցուցաբերել նաև դրան նախորդած ու հաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն»,– ասված է հայտարարության մեջ։
Խորհուրդը հայտարարվել է, որ Իսկանդարյանի քննչական կոմիտե հրավիրվելը ունի քաղաքական ենթատեքստ և դիտարկվում է որպես հարված ոչ միայն մեկ պաշտոնյային, այլև Արցախի պետական կառույցներին ու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հեղինակությանը և կենսունակությանը։
Հուլիսի 12-ին Երևանում տեղի է ունեցել արցախցիների կազմակերպած հանրահավաք, որի ժամանակ պահանջ է բարձրացվել՝ լուծել սոցիալական բնույթի խնդիրները։ Հանրահավաքից հետո, երբ կազմակերպիչները փորձել են երթ անցկացնել, ոստիկանությունն արգելել է այն՝ նախազգուշացնելով ուժի կիրառման հնարավորության մասին։ Ի պատասխան՝ արցախցիները նստացույց են սկսել Ազատության հրապարակում։
Հուլիսի 14-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Ապրես Մարգարյանը հայտնել է, որ ժամանակավորապես դադարեցնում են փողոցային գործողությունները՝ նկատի ունենալով հանրային արձագանքի պակասը։ Նա հավելել է, որ հետագա քայլերը կքննարկվեն և լրացուցիչ կտեղեկացվեն։ Հուլիսի 16-ին հայտնի է դարձել՝ դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցիչության շենքի սեփականության իրավունքը։






