ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է օրինագծին, որով առաջարկվում է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով։
Մեկնաբանելով հարցը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից նշել են․ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները», հայտնում է Sputnik Armenia-ն։
Օրինագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան՝ Միլի Մեջլիս, İYİ ազգայնական ուժի առաջնորդ և պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուի կողմից։ Նախաձեռնությանը միացել են նույն քաղաքական ուժի ևս 28 պատգամավորներ։
Թալեաթ փաշան եղել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից։ 1921 թվականի մարտի 15-ին նա սպանվել է Բեռլինում՝ Սողոմոն Թեհլիրյանի ձեռքով, ով եղել է հայ ազգային-ազատագրական շարժման ներկայացուցիչ։ Գերմանական դատարանում Թեհլիրյանը հայտարարել է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Դատարանը Թեհլիրյանին արդարացրել է։






