Հուլիսի 20-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին։ Նրանք ժամանել են տարբեր երկրներից՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։
Հհանդիպման ընթացքում տիար Հովսեփ Տեր-Գևորգյանը, դիմելով Նորին Սրբությանը՝ խնդրել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը՝ շեշտելով, որ այս տարվա բանակումն ընթանում է «Պիտի վերադառնանք» կարգախոսի ներքո։ Նրա խոսքով՝ այս ուղերձը խիստ կարևոր է, քանի որ կոչ է անում վերադառնալ ազգային արմատներին և հոգևոր արժեքներին։
Դրանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը տվել է իր հայրական օրհնությունը՝ երախտագիտություն հայտնելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական կառույցներին՝ հայրենիքում պարբերաբար հայ երիտասարդներին համախմբելու նախաձեռնության համար։ Նա նշել է, որ նման բանակումները նպաստում են երիտասարդների ազգային և հոգևոր ինքնության ամրապնդմանը ու հայրենիքին նրանց նվիրումի խորացմանը։
Վեհափառ Հայրապետը, կարևորելով ազգային ինքնության պահպանումը և հոգևոր սկզբունքներով ապրելու հրամայականը, ընդգծել է․ «Հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը»։
Կաթողիկոսը անդրադարձ է կատարել Արցախի բռնազավթման, տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի տարածքում մնացած հայ գերիների վերադարձի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության հրատապ խնդիրներին։ Նա նաև շեշտադրել է երկրում գոյություն ունեցող բարդ իրադրությունը՝ ընդգծելով, որ ազգի միասնականությունն անհրաժեշտություն է՝ հայրենիքի պաշտպանության, համազգային շահերի պահպանման և առկա փորձությունները հաղթահարելու ճանապարհին։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը բարի մաղթանքներ է հղել երիտասարդներին՝ ցանկանալով, որ նրանց ուղեկից լինի ազգասեր ոգին ու վճռականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը և ժողովրդի խաղաղ ու բարեկեցիկ ապագան ամուր հիմքերով կառուցելու գործին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






