Պաշտպանության նախարարությունը նախատեսում է երկարաձգել 2025–ի ամառային զորակոչի ժամկետը՝ այն շարունակելով մինչև օգոստոսի 15-ը ներառյալ: Այս մասին նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հարթակում։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025–ի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ։
«ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն իսկ ցույց է տալիս, որ հուլիսի 1-ի դրությամբ առողջապահական համակարգի կողմից զորակոչիկների բժշկական հետազոտության գործընթացի դանդաղ ընթացքի, շատ դեպքերում՝ անհարկի ձգձգումների պատճառով հնարավոր չի լինելու մինչև հուլիսի 31-ն ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննություն և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը:
Այդ կապակցությամբ, և 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ»,-ասվում է հիմնավորման մեջ։






