«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, եթե Մայր Աթոռը գրոհելն իրականություն դառնա, «ամբողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանը դառնա»։
Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «որևէ այլընտրանք չի թողնում»։
«Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականցնելու մտադրությանը, հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հարձակում կազմակերպելու մտադրության մասին։ Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար։ Դժվար է նաև հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները։
Եթե այս սպառնալիքը իրականություն դառնա, ապա մենք, հայ քրիստոնյաներս, ամբողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք։ Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում։
Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






