ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ «ուրացողների խումբը ուղիղ եթերի ռեժիմով փորձելու է ներխուժել Վեհարան»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա գրել է, որ պետք է դիմակայել ու չթողնել, որ «իշխանությունն իր սցենարային քայլերը հաջողությամբ իրացնի` յուրաքանչյուր քայլ/փուլ պետք է տապալել` թույլ չտալով այս ազգակործան ծրագիրը «եփել» ու ավարտին հասցնել»:
«Այլադավանների խմբակի նպատակը Վեհափառ Հայրապետի ու Մայր Աթոռի նկատմամբ հանրային թշնամանքի և ատելության գեներացումն է, որի հանգրվանային փուլը կլինի Էջմիածնի հրապարակում նախատեսված կենտրոնական հավաքը:
Ըստ սցենարի, ուրացողների խումբը ուղիղ եթերի ռեժիմով փորձելու է ներխուժել Վեհարան` փորձելով հալածանքների, ծաղրի և կեղծ բարեպաշտությամբ ճնշումներ գործադրել բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ:
Վեհարան հասնելու համար նախ ուժայինները կմեկուսացնեն ի պաշտպանություն Վեհարանի հավաքված մարդկանց, ըստ անհրաժեշտության նաև հանրային տարբեր խմբերի միջև բախումներ կհրահրվի ու փորձ կկատարվի հասնել Կաթողիկոսի հրաժարականին:
Բնականաբար իշխանությունն իր սադրանքներն ու դրա բերած հետևանքները կփորձի վերագրել Մայր Աթոռին` ավելացնելու նրա նկատմամբ հարվածները:
Հասարակության առողջ հատվածի խնդիրն է` չարգելված բոլոր միջոցներով դիմադրել, հատուկ ուշադրություն կենտրոնացնելով տեղեկատվական-քաղաքական դաշտում դիրքային առավելություն ապահովելուն և ներքին ու արտաքին լսարանին անհրաժեշտ ուղերձները հասցնելուն:
Ամենակարևորը. Իշխանությունը հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է հոգեբանական-քարոզչական գրոհների վրա, որովհետև առանց դրա հաջողման իր մյուս քայլերը արդյունավետ չեն լինի:
Պետք է դիմակայել ու չթողնել, որ իշխանությունն իր սցենարային քայլերը հաջողությամբ իրացնի` յուրաքանչյուր քայլ/փուլ պետք է տապալել` թույլ չտալով այս ազգակործան ծրագիրը «եփել» ու ավարտին հասցնել»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






