ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԷՑ Գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը չի կարող շարունակել պաշտոնավարել։ Նրա կարծիքով՝ Ղազինյանը պատասխանատվություն կրողներից մեկն է, քանի որ հենց նրա պաշտոնավարման ընթացքում կառույցը հասել է ներկայիս վիճակին։
«Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ը այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկը այդ նույն պաշտոնյան է։ Ինքն ի պաշտոնե իմ ենթական է, իր ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը՝ ժամը 18։00-ից, ինքը ծանուցումը ստացել է»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Պետրոսյանի խոսքով՝ այս պահին մասսայական ազատումներ չեն նախատեսվում, բայց ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանում։
«Անձինք, ովքեր որ իրենց կառավարման շրջանում, ղեկավարման արդյունքում ՀԷՑ ՓԲԸ-ն, որն ավելի քան 3 մլն քաղաքացու կյանքի որակի վրա ուղիղ ազդեցություն ունի և մոտ 1.1 մլն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Դա կլինի նվազագույնը՝ իրենց աշխատանքային պատասխանատվությունը»,- ասել է նա։
Պետրոսյանի խոսքով՝ հարգում է այն մասնագետների աշխատանքը, որոնք պիտի այս ընթացքում և հետագայում ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը։ Նա հորդորել է ՀԷՑ-ում աշխատող մասնագետներին զերծ մնալ սաբոտաժից։
«Ես իրենց պաշտոնապես այս պահին խնդրում և հորդորում եմ՝ իրենց աշխատանքը կատարել պատշաճ, աշխատանքային օրենսգրքի, պաշտոնի անձնագրին համապատասխան, որևէ մեկի իրավունքը հանկարծ չոտնահարել, գործել հանուն Հանրապետության, այդ թվում՝ նաև, իհարկե, տնտեսվարողի կոմերցիոն շահերի շրջանակում գործել, որովհետև մասնավոր սեկտորի աշխատակիցներ են, բայց որևէ կերպ թույլ չտալ սաբոտաժային հնարավոր ցուցումների, որովհետև սաբոտաժը քրեորեն հետապնդելի արարք է, և ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման՝ անձնական պատասխանատվության դաշտում, հանուն ՀՀ-ի»,- ասել է նա։
ՀԷՑ Գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը, արձագանքելով Պետրոսյանի հայտարարություններին, նշել է, որ չի հասկացել վերջինիս՝ իր հասցեին հնչեցրած խոսքերի նպատակը։
«Չեմ կարողանում հասկանալ՝ այսօր որոշել էր երևի իմ ազգանվան վրա ինքնահաստատվել։ Բայց ես մեր ձևովն ասել եմ՝ որն է։ Մեր ձևովը եղել է ի բարօրություն մեր 3 միլիոն բնակչության, բաժանորդի»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը լքել է շենքը, Ղազինյանը նշել է, որ ինքը արդեն երկու տասնամյակ աշխատում է այնտեղ և գտնում է, որ իր նկատմամբ հնարավոր կեղծ մեղադրանքներով ճնշում գործադրելը որևէ հիմնավորում չունի։ Նա ընդգծել է, որ ինքն անձամբ վստահություն չի տածում ո՛չ Ռոմանոս Պետրոսյանի, ո՛չ էլ գործող իշխանության նկատմամբ։
Ղազինյանը հստակ նշել է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի։
«Խնդրեմ, իշխանությունն իրենց ձեռքում է, թող ապացուցեն՝ ի՞նչ է նշանակում անվստահության… Իսկ ո՞վ է ասում, որ ես իրեն վստահում եմ, ես անձամբ իրեն, իրենց իշխանությանը չեմ վստահում:
Եթե գնում են «բեսպրեդելի» տարբերով, ամեն ինչ կարող են, փորձը ցույց է տվել, որ կարող են։ Ես այս սցենարն ի սկզբանե կանխատեսում էի։ Կարծում եմ՝ փորձ է արվում կոտրել ինչ որ դիմադրություն, որ տեսեք՝ Ղազինյանին բեսպրեդելով ազատեցինք, ձեզ ինչ կանենք, ոնց կանենք։ Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցն, մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մնալ, աշխատել մեր ձևով՝ ի բարօրություն մեր ժողովրդի։
Հիմա եկողներն ասում են՝ հանուն Հայաստանի Հանրապետության… Վերջին տարիներին տեսել ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության ինչ է նշանակում»,-ասել է նա:
Անդրադառնալով Պետրոսյանի՝ սաբոտաժի մասին հայտարարությանը, Ղազինյանը շեշտել է, որ ինքը երբևէ չի հայտարարել նման գործելաոճի մասին և իրավապահ մարմինները, եթե հիմքեր ունեն, պետք է ներկայացնեն ապացույցներ։ Նրա համոզմամբ՝ առանց ապացույցների նման հայտարարություններ անելն անբարոյական է։
Ինչ վերաբերում է ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ սակագների չբարձրանալու վերաբերյալ հայտարարությանը, Ղազինյանը նշել է, որ Պետրոսյանն այն աղավաղել է։ Նրա խոսքով՝ հարցը վերաբերում էր Կարապետյանի այն հայտարարությանը, թե առաջիկա տասը տարում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու։ Ըստ Ղազինյանի՝ Կարապետյանը պարզապես նշել է, որ հնարավոր է նույնիսկ իջեցում՝ տեխնոլոգիական զարգացումների պարագայում, և ինքն իր վրա է վերցրել սակագնի կայունության ապահովման պատասխանատվությունը։
Ղազինյանն ասել է, որ Սամվել Կարապետյանը զգալի օրինական միջոցներ ունի և այդ կարողության շնորհիվ էլ կարող է նման երաշխիք տալ։ Նա նշել է, որ վերջին տասը տարիներին սակագինը չի բարձրացել, իսկ առաջիկա երկու տարիների ընթացքում ևս չի բարձրանալու։
Ամփոփելով՝ Ղազինյանը հավելել է, որ չի բացառում, որ իր դեմ կարող է գործ հարուցվի։
«Չեմ բացառում, որ կարող է մի գործ կարեն, ինչ որ ձևով ինձ էլ տանեն։ Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»,–ասել է նա։
Ղազինյանն ասել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անկախ չէ, և դա, ըստ նրա, արտահայտվում է Ռոմանոս Պետրոսյանի գործողություններում։ Նրա պնդմամբ՝ հանձնաժողովի կողմից տրված լիազորությունն անօրինական է, քանի որ վարչական վարույթի ժամկետը դեռ ավարտված չէ, իսկ կառավարիչը իրավասու չէ նման հայտարարություններ անելու, գրում է Sputnik Արմենիան։
Ղազինյանը շեշտել է, որ միայն հանձնաժողովն է իրավասու վարույթ հարուցել, և կառավարիչը ներգրավվում է որպես աշխատող, այլ ոչ որոշում կայացնող։
Պետրոսյանի՝ ընկերությունում աուդիտ անցկացնելու մտադրության վերաբերյալ Ղազինյանն արձագանքել է, որ ինքն էլ պարբերաբար իրականացրել է ֆինանսատնտեսական ստուգումներ։ Նա նշել է, որ որպես իրացման տնօրեն, թիմի հետ միասին բացահայտումներ է արել՝ տարբեր չարաշահումների մասով։ Նա հռետորական հարց է ուղղել՝ արդյոք նորանշանակ կառավարիչը տեղյա՞կ է, թե վերջին տասն օրերի ընթացքում քանի նյութական պատասխանատու անձ է ազատվել աշխատանքից։
Հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին։
Ավելի վաղ, հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարել է, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ը պետականացնելու։ Նա նաև զգուշացրել էր, որ պետականացմանն ընդդիմացող աշխատակիցները ազատման ենթակա կլինեն։ Հունիսի 24-ին հայտարարվել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանն արդեն պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։ Հանձնաժողովը նաև, կառավարության հաղորդման հիման վրա, վարչական վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ։
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանը ձեռք է բերել 2016 թվականին՝ նախկին իշխանությունների խնդրանքով, և դրանից հետո ներդրումներ է իրականացրել հարյուր միլիոնավոր դոլարների չափով՝ էլեկտրացանցի արդիականացման նպատակով։






