ՊՆ նախկին ղեկավար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված անձը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են ՔԿ–ից, տեղեկացնում է 1lurer.am-ը։
ՔԿ-ն օրեր առաջ հրապարակել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն՝ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շարժվելով շահադիտական նպատակներով, Ս.Ա.-ի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն։
Ըստ հաղորդման՝ Ս.Ա.-ն, լինելով զինծառայող, որոշել է շահադիտական դրդումներով կազմակերպել պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։
Նախաքննական փուլում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնք վկայում են Ս.Ա.-ի կողմից հանցագործության կատարման մասին, ինչի հիման վրա նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, նրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի ու այլ առարկաների ապօրինի շրջանառություն) շրջանակում։ Նա ձերբակալվել էր։






