Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն ընդգծել է, որ արցախցիների վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարող խլել, ինչպես որ չի կարող որևէ իշխանություն հայտարարել Արցախի հարցի փակված լինելու մասին։
Նա նշել է նաև, որ վերադարձը Արցախ կախված է ուժեղ և հզոր Հայաստանից, հայտնում է «Փաստինֆոն»։
«Վերջին կետը, որ ունենք ՀՀ-ում, դա Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքն է։ Ցանկացած արցախցի, երբ տարբեր առիթներով դիմում է ՀՀ տարբեր գերատեսչություններին և հարցի լուծումներ չի գտնում, գալիս է Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք։ Մենք այնտեղ ունենք աշխատակիցներ, որոնք փորձում են տարբեր հարցերով օգնություն ցուցաբերել՝ թե իրավական, թե այլ առումներով»,- նշել է ԱԺ նախագահը։
Նա ընդգծել է, որ իրենց գործունեությունը սահմանափակվում է բացառապես արցախցիների իրավունքների պաշտպանությամբ և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին նրանք չեն միջամտում։
Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, թե ստեղծվում է «պետություն պետության ներսում», Աշոտ Դանիելյանը այդ բնորոշումը որակել է որպես անհիմն ու բացարձակապես ոչ իրատեսական։
«Դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Լավ կլինի դրա մասին ընդհանրապես չխոսել, որովհետև դրա տակ չկա ոչ մի հիմք։ Մենք գործում ենք ՀՀ օրենքներով, ապրում ենք Հայաստանում, հաշվի ենք առնում Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային իրավիճակը և մեր գործունեությամբ երբեք թույլ չենք տա վնաս հասցնել ՀՀ-ին։ Մենք միշտ նշել ենք, որ մեր վերադարձը կախված է ուժեղ և հզոր Հայաստանից, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի շենացնենք Հայաստանը», – ընդգծել է Աշոտ Դանիելյանը։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև է ընդունել ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։
Փաստաթղթում հստակ արձանագրվել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ու այնտեղ բնակվող հայերի նկատմամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին։ Պատգամավորները շեշտել են, որ հարատև խաղաղության հաստատումը տարածաշրջանում հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։






