ՀՀ դպրոցականները3 բրոնզե մեդալ և 3գովասանագիր են ստացել Ավստրալիայում կայացած մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում։
Հուլիսի 10-ից 20-ը Ավստրալիայի Սանշայն Քոսթ քաղաքում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան ներառել է երկու տեսական փուլ։ Մրցույթին մասնակցել է 110 երկրի 630 դպրոցական, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Բրոնզե մեդալներ են ստացել Ա․ Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոցի սովորողները՝ 10-րդ դասարանցի Սարգիս Առաքելյանն ու 12-րդ դասարանցի Ծովակ Եգորյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը։
Գովասանագրեր են շնորհվել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Արսեն Մակարյանին (11-րդ դասարան), Միքայել Գալստյանին (12-րդ դասարան) և Ալեն Ղազարյանին (12-րդ դասարան)։
Հայկական պատվիրակությունը գլխավորել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Գուրգեն Ասատրյանն ու Սուրեն Գրիգորյանը։
Նախորդ տարի՝ Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում անցկացված մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայի ընթացքում, Հայաստանի թիմը նվաճել էր հինգ բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր։






