Օդի բարձր ջերմային ֆոնի պայմաններում , ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի:
Առաջին հերթին, գերակշիռ շոգ ժամերին՝ առավոտյան 11:00-ից մինչև կեսօրից հետո 17:00-ը, ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Խորհուրդ է տրվում․ կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է՝ բամբակյա կտորից հագուստ:
Օգտագործել SPF 50 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), արևապաշտպան քսուք։
Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:
Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), դրանք պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած:
Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները՝ թե՛ տաք, թե՛ սառը:
Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին հանգիստ ռեժիմ վարեն։
«Երբեք մի՛ թողեք նորածիններին կամ երեխաներին կայանված մեքենայում, նույնիսկ եթե պատուհանները բաց են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում արևադարձային տաք օդի ներթափանցման արդյունքում Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում և մայրաքաղաք Երևանում արձանագրվում է բարձր ջերմաստիճանային ֆոն։ Ցերեկային ժամերին, հատկապես ժամը 16։00-17։00-ն ընկած հատվածում, կանխատեսվում է +38-ից մինչև +40 աստիճան տաքություն։
Բացի այդ, նշված գոտիներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային տարածքներում, առաջիկա հինգ օրվա ընթացքում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ։






