AM
21 Հուլիս 2025 - 13:25 AMT

Թաթոյան․ Ըստ ադրբեջանական քարոզչության՝ Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանության արշավը բխում է հենց իրենց շահերից

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «իշխանության եկեղեցահալած քաղաքականության իրական դրդապատճառներին և անօրինական բնույթին»։

Նա նշել է, որ Հայոց Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն ՀՀ վարչապետի կարգավիճակի կոպիտ խախտումով է, այլ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ

«1. Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակ է գրել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ընդդեմ Հայոց Եկեղեցու՝ ակնհայտորեն օգտագործելով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի նախաձեռնած ու նրա կողմից ղեկավարվող արշավի ուղերձները՝ վիճարկելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը և վարկաբեկելով հոգևորականների նույն բառապաշարով անգամ, ինչ անում է ՀՀ վարչապետը:

2․Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության՝ Հայոց Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության արշավը բխում է հենց իրենց շահերից. Հայոց եկեղեցին պետք է չեզոքացնել, որպեսզի Հայաստանում «արևմտյան ադրբեջանցիների» բնակեցումը հեշտ լինի։ Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական իշխանությունը, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստանում բնակեցման, իսկ իրականում հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիրը դարձրել է միջազգային օրակարգի հարց՝ անգամ պաշտոնական նամակով հարցը ՄԱԿ-ում առաջ տանելով:

3․Հայոց Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն ՀՀ վարչապետի կարգավիճակի կոպիտ խախտումով է, այլ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ: Ընդ որում, այդ արարքները կատարվում են պաշտոնական կարգավիճակի լիազորությունները կամ իշխանության ազդեցությունն օգտագործելով, հրապարակային եղանակներով, ինչպես նաև իշխանության պաշտոն զբաղեցնող անձանց խմբի կողմից:

4.Գիտակցված պառակտում է հասարակությունը, թշնամացնում է տարբեր մարդկանց իրար հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:

5.Թուլացնում է Հայաստանի պետականության հիմքերը՝ վիրավորանքների և անհանդուրժողականության հովանավորչությամբ մեծ վնաս հասցնելով երկրի միջազգային իմիջին: Հայոց եկեղեցին ներկայացնում է՝ որպես բռնության քարոզիչ, այն դեպքում, երբ եկեղեցին մշտապես հանդես է եկել համերաշխության ու խաղաղության կոչերով։ Այսինքն` խոսքն այնպիսի արշավի մասին է, որը բնույթով ոչ միայն հակաեկեղեցական է, այլ հակաքրիստոնեական»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։