AM
21 Հուլիս 2025 - 13:32 AMT

Կոբախիձեն ընդգծել է խաղաղության հաստատման կարևորությունը տարածաշրջանում

Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։ Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։

Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։