ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության ներկայացուցիչները Տավուշի մարզ այցի շրջանակում այցելել են մի շարք մշակութային ժառանգության վայրեր՝ նպատակ ունենալով տեղում վերահսկել վերականգնման ընթացքը և վերհանել առկա խնդիրները։
Մասնագետներն ուսումնասիրել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում և Սրվեղի վանական համալիրում իրականացվող ամրացման, վերանորոգման ու վերականգնման աշխատանքների ընթացքը։
Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում, որը համարվում է նորահայտ հուշարձան և դասվում է տեղական նշանակության շինությունների շարքը, մեկնարկել են զանգակատան վերականգնման և խոշորաչափ քիվերի տեղադրման աշխատանքները։ Ինչ վերաբերում է հանրապետական նշանակություն ունեցող Սրվեղի վանական համալիրին (պետական ցուցիչ՝ 10.9.5.1), ապա այնտեղ ընթանում են կարալցման գործեր։
Տեղում կազմակերպվել է քննարկում նախագծման, վերահսկողության և շինարարական աշխատանքներ իրականացնող թիմերի մասնակցությամբ՝ վերականգնման տեխնիկական մոտեցումների և մասնագիտական լուծումների վերաբերյալ։ Քննարկվել է նաև Կիրանցի եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ՝ ոչ ստանդարտ չափերով աղյուսների հնարավոր ներկրումն արտերկրից։






