AM
21 Հուլիս 2025 - 13:54 AMT

Սաղաթելյան․ Իրանի սահմանին ամերիկյան ընկերության կողմից ճանապարհի հսկողությունը հղի է շատ ծանր հետևանքներով

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագրի թիկունքում ամբողջությամբ թուրք-ադրբեջանական տանդեմն է։

Նա նշել է նաև, որ Իրանի սահմանին ամերիկյան ընկերության կողմից ճանապարհի հսկողությունը հղի է շատ ծանր հետևանքներով, հայտնում է Panorama.am-ը։

««Զանգեզուրի միջանցք» ծրագրի թիկունքում ամբողջությամբ թուրք-ադրբեջանական տանդեմն է, միջազգային այլ սուբյեկտների կողմից ունի աջակցություն՝ իրենց շահերը սպասարկելու տեսանկյունից»,- լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա ընդգծել է, որ ծրագիրը Հայաստանի շահերին ամբողջությամբ հակասող նախաձեռնություն է, որը միաժամանակ ուղղված է նաև մեր բարեկամների, մասնավորապես Իրանի դեմ։

«Արդյո՞ք դա կբերի տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը, միանշանակ՝ ոչ, որովհետև արտատարածաշրջանային ուժեր բերելով մեր տարածաշրջան՝ նոր, ավելի անկայուն խնդիրներ են ստեղծվելու։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է միջազգային այս կենտրոնների ազդեցությունների բախման միջավայր, որը հղի է ծանր հետևանքներով։

4 տարի հերքել են, որ իրենք «միջանցքի» մասին ունեն պայմանավորվածություն, ասել եմ՝ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»։ Պարզվում է՝ կարող է ամերիկյան ընկերություն լինել։ Իսկ Իրանի սահմանում ամերիկյան ընկերության կողմից ճանապարհի հսկողությունը հղի է շատ ծանր հետևանքներով։ Ամեն կերպ պետք է դա կանխել»,- ասել է Սաղաթելյանը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, օրեր առաջ նշել է, որ Միացյալ Նահանգներում նման խնդիրները հնարավոր կլիներ լուծել, օրինակ, ճանապարհը 100 տարով վարձակալելու տարբերակով, ինչը թույլ կտար բոլոր կողմերին օգտվել այդ ճանապարհից, սակայն հավելել է, որ Հարավային Կովկասում մշակութային տարբերությունները նման մոտեցման իրագործումը դժվարեցնում են։