Christian Solidarity International (CSI) և կրոնական ազատության պաշտպանության նպատակով գործող մի շարք այլ կազմակերպություններ դիմել են Հայաստանի կառավարությանը՝ հորդորելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները։
Հայտարարության մեջ կազմակերպությունները և անհատներն արտահայտել են «խորը մտահոգություն՝ Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա աջակիցների դեմ ուժգնացող արշավի առնչությամբ»։ Ստորագրողների շարքում են նաև Coptic Solidarity և SOS Chrétiens d’Orient կազմակերպությունները, հայտնում է Panorama.am-ը։
«Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք եղել, ինչպես ցույց են տալիս փաստերը, բարձրաստիճան հոգևորականների և Եկեղեցու հայտնի աջակիցների կամայական ձերբակալությունների, նրանց գույքի բռնագանձման, ինչպես նաև ոստիկանության միջամտության սրբավայրերում, ներառյալ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», – նշվում է հայտարարության մեջ։
Նշում է, որ ձերբակալվածների թվում են՝ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանը։
Ըստ նույն հայտարարության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Կաթողիկոսին հեռացնել պաշտոնից և փոխարինել նրան նոր Կաթողիկոսով, որն ընտրվի կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով։ Նման քայլը, փաստում է հայտարարությունը, հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին, որով ամրագրված է պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը։
Հայտարարությունում ներկայացված են նաև մի շարք պահանջներ․
«Անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել Սամվել Կարապետյանին, ում ձերբակալությունը չունի որևէ իրավական հիմք։
Ազատ արձակել արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանին և Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև ապահովել նրանց դեմ ներկայացված մեղադրանքների անկախ և թափանցիկ քննությունը։
Դադարեցնել ցանկացած միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ հոգևորականների վարկաբեկման և Եկեղեցու ղեկավարությունը պետական մեխանիզմներով փոխարինելու շարունակվող փորձերը։
Դադարեցնել տնտեսական ճնշման բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող գույքի բռնագրավումը, վարչական հետապնդումները և խաղաղ հանրային պաշտպանության գործունեության գրաքննությունը։
Վերականգնել դատական իշխանության անկախությունը՝ ապահովելու համար, որ Հայաստանի դատարաններն այլևս չծառայեն որպես քաղաքական հետապնդման կամ գործադիր վերահսկողության գործիք։
Խղճի, հավատքի և օրինական ընդդիմության դրսևորումները չպետք է դառնան պատժելի որևէ երկրում, որն իրեն համարում է հավատարիմ ժողովրդավարական արժեքներին», – ասվում է հայտարարության մեջ։
Christian Solidarity International (CSI)-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն է, որը պայքարում է կրոնական ազատության ու մարդու արժանապատվության պաշտպանության համար։






