Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ hորդորելով իշխող քաղաքական ուժին «դադարեցնել հակաեկեղեցական անօրինական արշավը»։
Մայր Աթոռը նաև կոչ է արել ժողովրդին չտրվել «իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը»։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։ Միաժամանակ՝ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրորեն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






