AM
22 Հուլիս 2025 - 06:27 AMT

ՀԷՑ տնօրենի ԺՊ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։Այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին կոչ էր արել ազատման դիմում գրել, այլապես իր առաջին հրամանը լինելու է Ղազինյանին ազատելու որոշման մասին։

Պետրոսյանը նաև հայտարարել էր, որ կառույցում այս պահին որևէ մասսայական ազատում չի նախատեսվում։

Հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին։

Ավելի վաղ, հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարել է, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ը պետականացնելու։ Նա նաև զգուշացրել էր, որ պետականացմանն ընդդիմացող աշխատակիցները ազատման ենթակա կլինեն։ Հունիսի 24-ին հայտարարվել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանն արդեն պատրաստ է։

Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։ Հանձնաժողովը նաև, կառավարության հաղորդման հիման վրա, վարչական վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ։