ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում կազմակերպված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովում ունեցած ելույթում ներկայացրել է Հայաստանի մոտեցումն ու պատրաստակամությունը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, առաջնորդելու կենսաբազմազանության համաշխարհային օրակարգը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա շեշտել է, որ Հայաստանը, լինելով COP17-ի նախագահող երկիր, ստանձնում է առաջատար դեր ոչ միայն լոգիստիկ կամ կազմակերպչական առումով, այլ առաջին հերթին՝ գաղափարական ուղղություն սահմանելու տեսակետից։ Մաթևոսյանը նշել է, որ COP17-ը կլինի այն հարթակը, որտեղ Հայաստանը կներկայացնի իր տեսլականը՝ որպես փոքր, բայց կենսաբազմազանությամբ հարուստ երկիր։
Նախարարը շեշտել է, որ COP17-ը կոչված է վերածվելու ոչ թե հերթական միջազգային հարթակի, այլ վերաիմաստավորման կետ՝ մեր հարաբերության բնության հետ՝ համակարգային ու խորքային մակարդակում։ Այս գագաթնաժողովը պատմական հնարավորություն է՝ վերանայելու մեր մոտեցումները կենսաբազմազանության պահպանության հարցում՝ անցում կատարելով հատվածական նախագծերից դեպի ինտեգրված, էկոհամակարգային լուծումներ։
Նախարարը կարևորել է նաև բնապահպանական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդության ակտիվ ներգրավումն ազգային և միջազգային որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև համագործակցության խթանումը՝ հանուն կայուն և արդյունավետ լուծումների։
«Նախապատրաստական այս փուլում մեր նպատակը ոչ միայն համաշխարհային ուշադրությունը սևեռելն է բնապահպանական խնդիրների վրա, այլ նաև՝ միասնական, երկխոսության վրա հիմնված կառավարման մոդել ձևավորելը, որտեղ կարևոր տեղ է տրվելու նաև երիտասարդության, կանանց, տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության մասնակցությանը»«–ասել է Մաթևոսյանը։
Ելույթից հետո նա պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված COP17-ի օրակարգի, Հայաստանի առաջնահերթությունների և երիտասարդության մասնակցության ձևաչափերի հետ։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում կազմակերպված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովը միտված էր հզորացնել երիտասարդների մասնակցությունը գլոբալ բնապահպանական գործընթացներին՝ հատկապես՝ COP17-ի նախապատրաստական փուլում։
Գագաթնաժողովին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ տիկին Ֆրանսուազ Ժակոբը, որոնց ներկայությունը ևս ընդգծել է միջոցառման կարևորությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։






