Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Մայր աթոռի կոչին, իր հերթին կոչ է արել «Կտրիճ Ներսիսյանին ու իրեն պաշտպանող խմբակին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը»։
Մայր Աթոռը hորդորել էր իշխող քաղաքական ուժին «դադարեցնել հակաեկեղեցական անօրինական արշավը»
«Հորդորում ենք Կտրիճ Ներսիսյանին ու իրեն պաշտպանող խմբակին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության, ինչպես նաև Եկեղեցու մի շարք սպասավորների` ահաբեկչության ու հեղաշրջման պլանավորման մեջ առերևույթ մասնակցության արդյունքում Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։
Միաժամանակ դիմում ենք եկեղեցական իրավասու մարմիններին և եկեղեցականներին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաեկեղեցական այս ընթացքը։
Գնահատում ենք բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ ուխտազանցներից ու ահաբեկչության պաշտպաններից պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել ուխտազանց Կտրիճ Ներսիսյանի ու իր մարդ գյուլլել տենչացող որոշ ենթակաների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար։
Վեհարանը` վեհի»,- գրել է նա։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով մարդկանց ապրել աղոթքով, պահեցողությամբ և պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման»՝ նախատեսված Էջմիածնի կենտրոնական հրապարակում։
Մայր Աթոռը ևս արձագանքել է վարչապետի հայտարարությանը՝ հրապարակելով հայտարարություն, որով դիմել է իրավասու պետական կառույցներին՝ ձեռնարկելու օրինական և անհրաժեշտ քայլեր՝ կանխելու այդ հավաքը։






