AM
22 Հուլիս 2025 - 07:05 AMT

Սահակյան. Եթե Փաշինյանը գերիների հարցով դիմեր Թրամփին, դա կարևոր քայլ կլիներ

ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ասել է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով դիմեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, դա դիվանագիտական տեսանկյունից կարևոր քայլ կլիներ խնդրին պետական մակարդակով լրջություն հաղորդելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել է, որ որոշ ազդեցիկ հայ գործիչներ կապ են հաստատել Թրամփի դստեր ամուսնու հետ և վարել են բանակցություններ։

Թերթի տվյալներով՝ Թրամփը համաձայնություն է հայտնել միջամտելու, եթե պաշտոնական Երևանը դիմի իրեն նման առաջարկով։ Նշվում է, որ այդ առաջարկը փոխանցվել է Փաշինյանին՝ ընդգծելով, որ բավական է ընդամենը մի գրություն՝ ԱՄՆ նախագահի միջամտությունը պաշտոնական դարձնելու համար։ Սակայն վարչապետը փոխանցել է, որ նման քայլը կարող է խոչընդոտել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանից՝ նշելով․ «Չկա որևէ բանակցություն, որտեղ գերիների հարցին չտրվի պատշաճ, անհրաժեշտ տեղ»։

Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի հնարավորություններին, Սահակյանը չբացառեց, որ Թրամփը կարող է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այնպիսի գործարք-սպառնալիք առաջարկել, որի պայմաններում խնդիրը հնարավոր կլինի լուծել։ Որպես հաջողված փորձի օրինակ փաստաբանը հիշեցրեց 2023թ–ին 30 գերիների վերադարձը։

Սահակյանը չի բացառել նաև աշխարհաքաղաքական մյուս բևեռների հնարավորությունները հայ գերիների խնդիրը լուծելու հարցում։

«Այդպիսին կարող է լինել թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն։ Բայց քանի որ հարցը քննարկվում է ԱՄՆ-ի կոնտեքստում, իրատեսական եմ համարում ԱՄՆ-ի ներգրավվածությամբ այս խնդրի լուծումը»,– նշել է փաստաբանը։

Միևնույն ժամանակ, Սահակյանը կարծում է, որ Հայաստանը պետք է գերիների հարցը բարձրացնի ոչ միայն երկկողմ հարաբերություններում՝ շեշտելով խնդրի չլուծված լինելը, այլև միջազգային տարբեր հարթակներում՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա։

«Օրինակ՝ հայ–ամերիկյան հարաբերություններում Հայաստանը պետք է խնդիր դնի այդ երկրի աջակցությունը գերիների վերադարձի հարցում։ ՀՀ–ԵՄ համագործակցության տեսանկյունից կարևորի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, եթե հայ գերիները վերադարձված չեն։ Կամ կարևորի միջազգային քրեական հարթակի օգտագործումը, նաև սպառնալիքներ ձևավորելու տեսանկյունից։ Այ սա է պատճառը, որ մեր գնահատմամբ, այդ ջանքերը ստրատեգիկ չեն, համալիր չեն, և ավելի շատ կրում են երկկողմ բանակցություններում լոկալ, արձանագրային բնույթ»,– նշել է իրավապաշտպանը։

Վերջում, անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե գերիների հարցը բանակցություններում մշտապես բարձրացվում է, Սահակյանը ընդգծել է, որ եթե գործընթացը տարվում է այն տրամաբանությամբ, որ խաղաղության փաստաթուղթը ստորագրելուց հետո գերիների հարցը կլուծվի, ապա նման մոտեցումը սխալ է ու անընդունելի։

Նրա կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ կլինի մարդասիրական բնույթի խնդիրները դիտարկել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։