Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած վերջին հարցման համաձայն՝ Հայաստանի բնակիչների 47 տոկոսն ամբողջությամբ կամ ավելի շուտ աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:
Հարցվածների 40 տոկոսը, սակայն, ամբողջությամբ կամ հիմնականում դեմ է արտահայտվել նման համաձայնագրին, հայտնում է ՍիվիլՆեթը։
Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ ընդգրկելով 18 տարին լրացած 1505 ՀՀ քաղաքացիների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախկին բնակիչների, որոնք ներկայումս բնակվում են Հայաստանում։
Նրանց, ովքեր համաձայն են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, առաջարկվել է նշել այն առավելությունները, որոնք իրենք տեսնում են համաձայնագրում։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Տարածաշրջանում խաղաղության հաստատում (74%),
- Տնտեսական աճ և զարգացում (9%),
- Տարածքային ամբողջականության ճանաչում ու սահմանների հստակեցում (8%),
- Ճանապարհների ապաշրջափակում (6%)։
Մյուս կողմից՝ այն հարցվածները, որոնք դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, որպես հիմնական խնդիր նշել են հետևյալը․
- Անվտանգության սպառնալիքներ և նոր պատերազմի վտանգ (20%),
- Տարածքային զիջումներ Ադրբեջանին (16%),
- Վստահության բացակայություն (10%),
- Այն հանգամանքը, որ համաձայնագրի պայմանները միակողմանի թելադրվում են Ադրբեջանի կողմից (7%),
- Ցեղասպանության վտանգ և Հայաստանի ինքնիշխանության կորուստ (5%),
- Ադրբեջանի անարգել մուտքը Հայաստան (5%)։
Նախատեսված պայմանների պահպանման հարցում թերահավատություն է հայտնել հարցվածների 3 տոկոսը՝ նշելով, որ, ըստ իրենց, այդ պայմանները իրականում չեն կատարվի։
Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։






