AM
22 Հուլիս 2025 - 07:52 AMT

Նախարար․ ՀԱԵ–ն հաշվետու է յուրաքանչյուրի առջև` անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ՀԱԵ–ն հաշվետու է յուրաքանչյուրի առջև անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ»։

Նա համեմատություն է տարել կառավարության հետ՝ նշելով, որ կառավարությունը հաշվետու է բոլոր քաղաքացիների առջև՝ անկախ նրանից՝ նրանք կատարում են ՀՀ օրենքների պահանջները, թե ո։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներից մեկը գրառում էր արել և դիմել վարչապետին նշելով, որ եկեղեցուն քննադատելու և պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն հստակ կանոնների համապատասխանող հավատացյալները: Այստեղ պետք է նշեմ, որ Կառավարությունը, օրինակ, հաշվետու է բոլոր քաղաքացիների առջև՝ անկախ նրանից՝ նրանք կատարում են ՀՀ օրենքների պահանջները, թե ոչ։ Կառավարությանը քննադատելու և օրենքների կատարման պահանջ կարող են ներկայացնել բոլորը անխտիր, նույնիսկ ծանր հանցագործությունների համար կալանավորված անձինք։ Քննադատության բովանդակությունը երբեք չի կարող նսեմացվել պայմանավորված քննադատողի անձով:

Նույն տրամաբանությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես հատուկ կարգավիճակ ունեցող կառույց, որը շատերիս կարծիքով անմիջական կապ ունի նաև հայ ժողովրդի ինքնության հետ, հաշվետու է յուրաքանչյուրի առջև անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ։ Եթե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին լիներ պարզապես փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություն, ապա կանոնադրության խախտումները գուցե այսպիսի հնչեղություն չստանային։ Սակայն այն իրողությունը, որ եկեղեցին ներկայացվում է որպես ողջ ժողովրդի հոգևոր կառույց, ենթադրում է հաշվետվողականություն բոլորի առջև, նույնիսկ նրանց, ովքեր աթեիստ են։

Մեր հասարակության մեջ նյութապաշտության և հոգևոր արժեքների ետընթացի պատճառները գուցե նաև պայմանավորված են նրանով, որ այդ արժեքները պահպանողները և քարոզողները երբեմն տեսանելի ձևով հավատարիմ չեն այդ արժեքներին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։