ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի շահերը ներկայացնող փաստաբանը Հակակոռուպցիոն դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ թույլ տալ Աբրահամյանին տնօրինել իր այն դրամական միջոցները, որոնք կապ չունեն ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ։ Փաստաբանի խոսքով՝ Աբրահամյանն ցանկանում է զբաղվել տնտեսական գործունեությամբ:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվում է այն գործի քննությունը, որի շրջանակում քննարկվում է Աբրահամյանի և նրա հետ առնչվող 10 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցը, հայտնում է «Առավոտը»։
«Այն միջոցները, որոնք արգելադրված են, դրանցից գեներացված միջոցների մասին չէ խոսքը, այլ իմ վստահորդի կողմից ենթադրյալ փոխառու, վարկային միջոցներ ներգրավելու ու դրանից բխող տնտեսական կամ այլ գործունեություն ծավալելու ազատության մասին է խոսքը: Ինչը այս պահին դրամական միջոցների արգելանքի պայմաններում, ուղղակի սահմանափակման կարգ է»,– պարզաբանել է Աբրահամյանի փաստաբանը։
Նա հավելել է, որ իր վստահորդը խնդիր ունի նաև այլ ծառայությունների, մասնավորապես՝ փաստաբանական ծառայությունների վարձատրության շրջանակում, դրամական միջոցների հասանելիության հետ։
Միջնորդությանն ընդդիմացել է դատախազական կողմը՝ ընդգծելով․ «Հովիկ Աբրահամյանից իրավասու մարմինը պահանջում է մոտ 19 միլիարդ դրամի գումար: Այդ գումարի պահանջը պետք է բավարարվի այլ գույքերի և դրամական միջոցների հաշվին, որոնք էական չեն հայցի ապահովման մեջ թվարկված և հայցի առարկայի նետ կապված անշարժ ու շարժական գույքի և ընկերությունների մասնակցություններում»:
Մեղադրողը նաև ընդգծել է, որ եթե դատարանը բավարարի պաշտպանական կողմի պահանջը, ապա հետագայում հնարավոր է, որ իրավասու մարմինը չկարողանա ապահովել պահանջի կատարումը, քանի որ ենթադրյալ գույքը կարող է դառնալ անհասանելի՝ սպառվելու կամ վաճառվելու արդյունքում։
Միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում կհրապարակի առաջիկա նիստի ընթացքում։






