AM
22 Հուլիս 2025 - 08:06 AMT

Անանյան․ Նախահարձակ եղե՛ք, սպասելու ամեն վայրկյանը դարձնում է մեզ ազգային կարկատաններ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երկրում ձևավորված իրավիճակին՝ ընդգծելով համազգային լռության վտանգավոր հետևանքները և կոչ անելով հոգևոր առաջնորդներին ստանձնել բարոյական առաջնորդության դեր։

Նա կոչ է արել նախահարձակ լինել, քանի որ «սպասելու ամեն վայրկյանը դարձնում է մեզ ազգային կարկատաններ»։

«Մի ամբողջ ժողովուրդ, իր տիտղոսային և ոչ տիտղոսային քաղաքական ուժերով, հանրային գործիչներով և, ցավալիորեն, նաև հոգևոր առաջնորդներով հանդերձ, հայտնվել է մի տարօրինակ ու խոցելի վիճակում՝ համազգային սպասման անորոշ կեցվածքի մեջ:

«Սպասում ենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ ազդարարված` բայցևայնպես անկանխատեսելի քայլերին, քաղաքական սառը հաշվարկներով պարուրված բեմադրված պոռթկումներին, հոգեխանգարմունքին հարող քմահաճություններին։ Սպասում ենք իր հերետիկոսների բանակին ուղղված նրա վերջնական հրամանատարական կոչին կամ աղաղակին`որպես Վեհարանի` մեր հոգևոր ինքնության վերջին սրբության, դեմ իր սրբապղծական արշավանքի մեկնարկ։

Եվ մինչ նա գործում է, մենք՝ ազգովի, սպասում ենք։ Որպես ազգ, որպես հանրություն, մենք՝ կամակոր միամտությամբ, ներքին տագնապի ու ամոթալի դողով, հույսներս դրել ենք նրա խելամտության հնարավոր փշրանքների վրա։ Մենք հույս ենք կապել նրա վախերի, նրա ճնշումների, նրա երերուն հաշվարկների հետ՝ մոռանալով, որ դա ինքնին արդեն խայտառակ պարտություն է մեզ համար։

Մենք երբեք չենք ակնկալել, որ Հայ Առաքելական Եկեղեցին կվերածվի քաղաքական ընդդիմության։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ քննադատել ենք բոլոր նրանց, ովքեր փորձել են Եկեղեցու ներսում որոնել քաղաքական առաջնորդություն։ Բայց այսօր, երբ քաղաքական դաշտը խեղդվում է լռության, վախի և հաշվարկների մեջ, երբ պետությունը աղճատվելով վեր է ածվել մեկ մարդու կամքից կախված կառույցի, մեզ այլընտրանք չի մնացել։

Այսօր այլևս սպասելու ժամանակը չէ։ Անգործ սպասումը դառնում է ազգային բարոյալքում, արժանապատվության կորուստ, հոգևոր անզորության խորհրդանիշ։ Այժմ հոգևոր առաջնորդության ժամանակն է՝ ոչ որպես իշխանություն զավթելու փորձ, այլ որպես բարոյական ազդակ, որպես ժողովրդական արժանապատվության ոտքի կանգնեցում։

Սա արդեն հոգևոր լռության պահը չէ։ Սա հոգևոր ճշմարտության բարձրաձայնման պահն է։

Առաջնորդեցե՛ք, հովիվներ Հայոց, քանզի հոտը մոլորված է։

Նախահարձակ եղե՛ք, որովհետև սպասելու ամեն վայրկյանը դարձնում է մեզ ազգային կարկատաններ»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։